«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամն արդեն տասը տարի է, ինչ սրտացավությամբ ու սիրով զբաղվում է հայկական ավանդական արհեստների պահպանմամբ ու տարածմամբ։ Այդ ճանապարհի հաջորդ հանգրվանը դարձավ մեր նոր հրատարակությունը՝ «Հայկական ավանդույթի գույները» գիրքը։ Սակայն սա սովորական գիրք չէ։ Այն միաժամանակ պատմում է, սովորեցնում, ներշնչում և… ստեղծագործելու հնարավորություն տալիս։

 

Այս գիրքը ստեղծվել է՝ ոգեշնչվելով այն երեխաներով ու մեծահասակներով, ում տարիներ շարունակ կրթել ենք տարբեր գյուղերում ու քաղաքներում։ Յուրաքանչյուր գորգ ներկայացված է իր պատկերով, գրաֆիկական տարբերակով՝ ներկման համար, և QR կոդով, որը դուռ է բացում դեպի խորքային պատմություն՝ յուրաքանչյուր գորգի ծագման, խորհրդանշանների և գործվածքի տեխնիկայի մասին։

Դա նշանակում է՝ գիրքը ոչ միայն կարդացվում է, այլ ապրվում է։ Ամեն ընթերցող, ընտրելով իր գույները, մասնակցում է պատմության շարունակմանը։ Դա ևս մեկ ձև է վերապրելու մեր ժառանգությունը՝ հպվելով մի մշակույթի, որն ունի դարերավոր ավանդույթներ։


Գունավորելով գորգերը՝ ընթերցողները կարողանում են ներգրավվել, ճանաչել, կապ ստեղծել հողի, նախնիների ու պատմության հետ։ Մենք գիտենք, որ այսօր հատկապես անհրաժեշտ է ստեղծել կապեր նոր սերնդի և մեր ավանդույթների միջև։ Այդ իսկ պատճառով գիրքը ոչ միայն տեղեկացնում է, այլ նաև ներգրավում՝ դարձնելով մշակույթը հասանելի ու կենդանի։

Այս նախաձեռնությամբ ուզում ենք հիշեցնել՝ հայ գորգագործությունը ոչ միայն արհեստ է, այլ լեզու, որով խոսում է մեր ինքնությունը։ Իսկ այժմ՝ այս գրքի միջոցով, այդ լեզուն կարող է խոսել Ձեր ու Ձեր երեխաների ձեռքերով, Ձեր ընտրած գույներով և Ձեր ընտանեկան հիշողություններով։

 

Գիրքը կարող եք գտնել «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում, Բուկինիստ, Էպիգրաֆ և Զանգակ գրախանութներում։ 

×

Հարցման ձև